Ռուսաստանն ու Ղազախստանը սկզբունքային պայմանավորվածության են հասել Բայկոնուր կայանի հարցում: Այդ մասին «Իզվեստիային» հայտնել է Ռոսկոսմոսի ղեկավարի տեղակալՍերգեյ Սավելեւը:

 «Խոսքը Բայկոնուրի օբյեկտները ռուսական վարձակալությունից փուլ առ փուլ դուրս բերելու եւ համալիրը համատեղ օգտագործելու հեռանկարի մասին է», - ասել է նա՝ ընդգծելով, որ Բայկոնուրից Ռուսաստանի հեռանալու մասին խոսք չկա:

Հրատարակչությունը նշում է, որ Վլադիմիր Պուտինի եւ Նուրսուլթան Նազարբաեւի հանդիպումը կայացել է նախորդ շաբաթվա վերջում: Ընթացքում միայն ընդհանուր խոսքեր էին ասվել: Այժմ հասկանալի է ձեռքբերված փոխզիջման էությունը: Ռուսաստանն ընդունել է Ղազախստանի պայմանները. Բայկոնուրի շուրջ նոր համաձայնությունը ռուսական վարձակալությունից կայանի մի շարք օբյեկտների աստիճանական դուրսբերումն է, ղազախ մասնագետների համաժամանակյա ուսուցմամբ օբյեկտների համատեղ շահագործում սկսելը:  Ի պատասխան Ղազախստանը չի խոչընդոտի Բայկոնուրից  «Պրոտոն» հրթիռակիրների արձակմանը, որոնց շնորհիվ ՌԴ-ն առաջատար դիրք է պահպանում  համաշխարհային շուկայում:

Որպես Բայկոնուրի առաջին օբյեկտ, որը կարող է դուրս բերվել ռուսական վարձակալությունից, դիտարկվում է «Զենիթ» հրթիռակիրների համալիրը:

Ըստ Սավելիեւի՝ այս տարվա մարտից Բայկոնուրի միջկառավարական հանձնաժողովը նիստ կգումարի հետագա փոխհամագործակցության ճանապարհային քարտեզը մշակելու համար: Այդ քարտեզի վերջնակետը կդառնա  Բայկոնուրի օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի եւ Ղազախստանի ստորագրած նոր միջկառավարական համաձայնագիրը: