Մատակարարվող տավարի մսից արտադրանքի մեջ ձիու մսի հայտնաբերման հետ կապված` Եվրոպայում բարձրացած աղմուկի արդյունքում, Մեծ Բրիտանիայում երեք մարդ է ձերբակալվել:
Ձերբակալությունները տեղի են ունեցել բրիտանական մսային երկու ձեռնարկությունում, որտեղ այս շաբաթ խուզարկություններ էին անցկացվել եւ նրանց աշխատանքն ընդհատվել էր: Երկու ընկերությունում էլ վերջին օրերին հերքել են իրենց հասցեին արված մեղադրանքները, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդուհանդերձ, երկու կասկածյալների ձերբակալել են Ուելսի արեւմտյան Աբերիստուիտա քաղաքի մոտ գտնվող մսամշակման գործարանից եւ եւս մեկին` Անգլիայի հյուսիսային Ուեսթ Յորքշիր կոմսության Թոդմորդեն քաղաքի սպանդանոցից: Նրանց անուններն ու պաշտոնները պաշտոնապես չեն բացահայտվել, բայց, բրիտանական մամուլի տեղեկություններով` նրանց թվում է Ուելսի ձեռնարկության սեփականատերը:
Հիշեցնենք` «մսային աղմուկը» Եվրոպայում բռնկվել է մի քանի օր առաջ, երբ ԵՄ տարբեր երկրների սուպերմարկերտներում տավարի մսի արտադրանքներում ձիու միս է հայտնաբերվել: Այժմ այդ գործի հետաքննությանը միացել է նաւ Եվրապոլը: Այսօր` փետրվարի 15-ին, Եվրահանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ արտակարգ նիստ կանցկացնի:




























