Անցած շաբաթ ամերիկյան «New York Times»-ը հոդված հրապարակեց` նվիրված Ադրբեջանի չափազանց արագ աճող հարստությանը: Հոդվածը հրապարակվել էր հետեւյալ վերնագրով. «Եթե նրանք կառուցեն, կայցելե՞ն արդյոք Քարդաշյանները»:

Հոդվածի հեղինակ Փիթեր Սավոդնիկը նշում է, թե արհեստական «Հազար Այլենդ» նախագիծը պետք է ներգրավի առաջին հերթին Քարդաշյանի կարգի աստղերին: Սակայն, հեղինակի խոսքով, իր հոդվածը հարց է առաջացնում` կարո՞ղ  էր Քիմ Քարդաշյանը մեկնել Բաքու` հաշվի առնելով նրա հայկական ծագումը: Հեղինակը նշում է, որ եթե Բաքուն ցանկանում է դառնալ Օլիմպիական խաղեր, «Ֆորմուլա 1»-ի մրցարշավներ, սիմֆոնիկ համերգներ ընդունող քաղաք, էլ չասած ներդրումների մասին, պետք է համակերպվեն, որ այնտեղ կարող են լինել նաեւ հայերը:

Սավոդնիկը հիշում է, թե ինչպես էր հարցազրույցում «Հազար Այլենդ» ընկերության նախագահ Իբրահիմ Իբրահիմովն ասում, թե երբեք ոչինչ չի վաճառի հայերին: Սակայն լրագրողը կարծում է, որ նա այդպես ասել է, քանի որ պետք է նման կերպ ասեր: «Քանի որ դա ադրբեջանցիներին հեռացնում է իրենց խնդիրներից` ինչպես աղքատությունը, խմելու ջրի անբավարարությունը` ուշադրությունը շեղելով ընդհանուր թշնամու` Հայաստանի վրա: Մինչ Իբրահիմովը խոսում էր, հստակ չէր` իսկապես այդ ամենն իր համար միեւնույն է»,- ասել է Սավոդնիկը:

Հոդվածի հրապարակումից մի քանի օր անց լրագրողը Իբրահիմովից փորձել է պարզել` կընդունեն արդյոք Քարդաշյաններին կամ այլ հարուստ հայերի: Մեկ օր անց միայն քարտուղարուհին պատասխանել է. «Ադրբեջանցիները միշտ խաղաղասեր մարդիկ են եւ լավ հարաբերություն են ունեցել հարեւանների հետ: Հուսով ենք` առաջիկայում մեր հողերը հետ կվերադարձնենք խաղաղ բանակությունների միջոցով»;

«Խորհրդային քարոզչության հրաշալի օրինակ, Ադրբեջանը կարող է նախկին տեսքը չունենալ, սակայն ապակիների, մետաղի եւ նեոնային լույսերի ետեւում այնտեղ դեռ ավտորիտար ռեժիմ է: Սակայն այն բաց է մեծ բիզնեսի առջեւ»,- ամփոփում է  հեղինակը: