Միջազգային կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված, Finmeccanica ընկերության թոփ-մենեջեր Ջուզեպպե Օրսին փետրվարի 15-ին հրաժարական է տվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները` վկայակոչելով նրա փաստաբանին:

Finmeccanica-ի շուրջ կոռուպցիոն սկանդալը ծագել էր անցած շաբաթ, երբ Օրսին ձերբակալվել էր հնդկական իշխանություններին կաշառք տալու մեղադրանքով: Ըստ քննության, նա 2010թ. կաշառք էր տվել իտալական 12 ուղղաթիռների գնման համար 556 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրի համար: Քննության տվյալներով, Finmeccanica-ի կողմից կաշառքի չափը կազմել էր 51 մլն եվրո: Տնային կալանքի է ենթարկվել ուղղաթիռների արտադրության  Аgusta Westland ընկերության տնօրեն Բրունո Սպանյոլինին:

Օրսին նաեւ դուրս է եկել Finmeccanica-ի վարչական խորհրդի կազմից: Խորհուրդն ընկերության նոր ղեկավար է նշանակել Ալեսսանդրո Պանսային, ով նախկինում զբաղեցնում էր արդյունաբերական խմբի գլխավոր տնօրենի պաշտոնը: