Եվրամիությունը վերջին մեկ շաբաթում հանդես է եկել երկրորդ հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակին: Փետրվարի 9-ին եվրահանձնակատարներ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն դատապարտել են ընդդիմադիր գործիչներ Իլգար Մամեդովի եւ Թոֆիք Յաղուբլուի կալանավորումները, պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց:

«ԵՄ-ն կրկնում է այդ կոչերը եւ նորից կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել այդ երկու ընդդիմադիր գործիչներին, ինչպես նաեւ ապահովել թափանցիկ, արդար հետաքննություն՝ նրանց ներկայացված մեղադրանքներով»,-ասված է փետրվարի 14-ի հայտարարությունում:

Եվրամիությունը նաեւ կոչ է անում օբյեկտիվ հետաքննություն իրականացնել հունվարի 26-ին Բաքվում տեղի ունեցած հանրահավաքի կալանավորված մասնակիցների գործերով:

Եվրամիությունը դատապարտում է փետրվարի 12-ին Խաչմազում քաղաքացիական երկու ակտիվիստների՝ Ջավիդ Նաբիեւի եւ Գյունայ Իսմայլովայի, ձերբակալումը:
ԵՄ-ն նաեւ իր խորը մտահոգությունն է հայտնում գրող Աքրամ Այլիսլիի հասցեին վերջին սպառնալիքների կապակցությամբ, պահանջելով Բաքվից ապահովել արտահայտվելու ազատության իրավունքը եւ գրողի անվտանգությունը:
Հոկտեմբերին կայանալիք ընտրությունների ֆոնին Ադրբեջանի իշխանությունները պետք է բարելավեն իրավիճակը ժողովրդավարության, հիմնարար ազատությունների, դատարանների անկախության եւ օրենքի գերիշխանության ոլորտներում: