Աշխարհի ամենահարուստ մարդը՝ մեքսիկացի Կառլոս Սլիմը, 514 մլն դոլարից ավելի է հատկացրել սեփական հեռահաղորդակցական America Movil ընկերության արժեզրկված բաժնետոմսերը գնելու համար։

Լատինամերիկյան տարածաշրջանը բջջային կապով ապահովող հոլդինգի ներկայացուցիչները հայտնել են, որ համաշխարհային շուկայում արժեզրկված 36 մլն արժեթղթեր են ձեռք բերել։

America Movil-ի արժեթղթերի արժեքի նվազման միտումը շարունակվել է մի քանի օր, եւ դա հավանաբար տեղի է ունեցել այն հայտարարությունից հետո, որ Մեքսիկայի մրցակցային դաշնային հանձնաժողովը 50 մլն դոլարով տուգանել է դրա դուստր ձեռնարկություն Telmex-ին։

America Movil-ի արժեթղթերի արժեքի նվազման պատճառով Կառլոս Սլիմը  մոտ 1,2 մլրդ դոլար է կորցրել, հայտնում է vesti.ru-ն։ Մեքսիկական բորսայում ընկերության արժեթղթերը վերջին օրերին ավելի քան 10%-ով արժեզրկվել են։

America Movil ընկերությունը բաժանորդների թվով աշխարհի հինգերորդ օպերատորն է։ 73-ամյա Կառլոս Սլիմը  երեք տարի անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում Forbes-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշում։