Ամերիկայի հայկական ասամբլեան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային նամակ է ուղարկել, որում խոր անհանգստություն է հայտնել առցանց միջնորդագրերի «We the People» համակարգը գործարկած աշխատակազմի բարի մտադրությունները ձախողելու փորձերի առթիվ։
Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը խաթարում է գործընթացը՝ Ադրբեջանից եւ Թուրքիայից անանուն ստորագրություններ հավաքելով։ Ասամբլեան կոչ է անում ազատվել վնասակար, քարոզչության վրա հիմնված միջնորդագրերից եւ քաղաքացիներին պաշտպանել օտարերկրյա շահարկումներից։
Ասամբլեան միջնորդագրերի մի քանի աղբյուր է նշել՝ ներառյալ այն բանի ապացույցները, որ Ադրբեջանի կառավարությունն ու ԱԳՆ-ն անմիջական կապ ունեն այդ դիմումների հետ։
Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ ասամբլեան 10 էջանոց զեկույցով է հանդես եկել, որում փաստագրված են Սումգայիթյան ջարդերը եւ Ադրբեջանի քաղաքներում, այդ թվում՝ Բաքվում, հայերի դեմ հաջորդած հարձակումները։




























