Թեեւ Հայաստանի նախագահական ընտրություններում յոթ թեկնածու է գրանցված, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը կանխորոշված է։ Այնուամենայնիվ, այս ընտրություններն անիմաստ չեն։ Այդ մասին CNN կայքի բլոգում գրում է փորձագետ Աննա Բորշչեւսկայան։
Հեղինակը կարծում է, որ ընտրությունների անցկացումը կարեւոր է այն տեսանկյունից, թե դրանց ավարտից հետո ինչ ուղի կընտրի Սարգսյանը։ Եթե միջազգային հանրությունը դրական գնահատական տա այդ ընտրություններին, Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կբարձրանա: Այդ դեպքում նա հնարավորություն կունենա անցկացնելու Արեւմուտքին մերձենալու համար այդքան անհրաժեշտ բարեփոխումները, կամ էլ, հնարավոր է, նա խուսափի կոշտ բարեփոխումներից, եւ Հայաստանն էլ ավելի մոտեցնի Մոսկվային։
Աննա Բորշչեւսկայան հիշեցնում է, որ 2008թ. Սարգսյանը բախվեց լեգիտիմության ճգնաժամին, ինչը հանգեցրեց բողոքների եւ տասը զոհերի: Այս տարի, ըստ հեղինակի, Սարգսյանը ավելի թույլ դիմադրության կբախվի, ինչը դեպի ավտորիտարիզմ է տանում երկիրը, որտեղ ժողովրդավարական ինստիտուտների բացակայությունը պառակտել է ընդդիմությունը։
Նա ընդգծում է, որ Սարգսյանի հեշտ վերընտրությունը ավելի շուտ կվնասի Հայաստանին, որը վիթխարի խոչընդոտների է բախվել զարգացման ճանապարհին: Փորձագետը Վրաստանի եւ կոռուպցիայի դեմ նրա մղած պայքարի իրավիճակը համեմատում է Հայաստանի հետ, որտեղ կառավարությունը կոռումպացված եւ անարդյունավետ է:
«Այն դեպքում, երբ հարեւան Վրաստանը եւ Ադրբեջանը ողջունում են արտասահմանցի ներդրողներին, Հայաստանում կազմակերպված հանցավորությունը բազմաթիվ արտասահմանցի ներդրողների թույլ չի տալիս մուտք գործել երկիր: Հայկական սփյուռքն արդեն վաղուց հասկացել է, որ հայրենիքում ներդրում կատարելն անշնորհակալ գործ է»,- գրում է Բորշչեվսկայան:
Նա նաեւ նշում է Հայաստանից արտագաղթի ծավալների մասին՝ ընդգծելով, որ հարյուր-հազարավոր մարդիկ լքում են երկիրը:
Մինչդեռ, Ռուսաստանի «գրկախառնությունը» կարող է բարդացնել Հայաստանի խնդիրները: Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական պլացդարմը: Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը մեծ է ոչ միայն քաղաքական եւ տնտեսական առումով, այլեւ՝ ռազմական եւ մշակութային:
«Այժմ ժամանակն է, որպեսզի Հայաստանն ընտրի՝ ինչ ուղղությամբ է ինքը ցանկանում առաջ գնալ: Կմիանա՞ արդյոք Հայաստանը ժողովրդավարական եւ ազատական տնտեսություն ունեցող արեւմտյան հանրությանը, թե՞ Սերժ Սարգսյանը երկիրն ավելի կմոտեցնի նախկին ԽՍՀՄ ավտորիտար երկրների հանրությանը՝ Կրեմլի ղեկավարության ներքո»,- եզրափակում է հեղինակը:



























