Վերջին շրջանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի չկայացած հեռախոսազրույցի թեման այնքան ակտիվ էր շրջանառվում լրատվամիջոցներում, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն  որոշել է հանդես գալ հատուկ մեկնաբանությամբ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ պետքարտուղարությանն առաջարկել է հեռախոսազրույցը կազմակերպել փետրվարի 14-ին, սակայն չստանալով հաստատում, որոշել է, որ «հարցը հանվում է», նշվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի հայտարարության մեջ:

Նա տարակուսանք է հայտնել, որ «Լավրովի եւ Քերրիի միջեւ հեռախոսազրույցի համաձայնեցման խիստ աշխատանքային հարցը արժանացել է վաշինգտոնյան լրագրողական կորպուսի նման հիվանադագին ուշադրությանը»:  Նրա խոսքով` ռուսական կողմը անմիջապես առաջարկն ստանալուց հետո պարզաբանել է, թե ինչու Լավրովը չի կարող Քերրիի հետ կապվել եւ առաջարկել է այլընտրանքային տարբերակներ, սակայն «ամերիկյան կողմը եթե անգամ արձագանքել է, ապա Վիկտորյա Նուլանդի միջոցով` պոդիումի վրա»:

Փետրվարի 16-ին պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ  ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մի քանի օր շարունակ չի պատասխանում ԱՄՆ պետքարտուղար Քերիի հեռախոսազանգերին: