Նախագահ Սերժ Սարգսյանը լոնդոնյան իր կեցավայրում ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերություններին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Միացյալ Թագավորության հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմանն ու առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, շահագրգիռ է տարբեր ուղղություններով գործակցության ընդլայնման հարցում: Վստահություն է հայտնվել, որ Եվրամիության Արևելյան գործընկերության նախաձեռնությունը հնարավորությունների լայն շրջանակ է բացում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման համար: Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության կառավարությանը` մեր երկրի անկախացումից ի վեր ցուցաբերվող աջակցության համար:

Սերժ Սարգսյանն ու Դեյվիդ Միլիբենդը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին առնչվող խնդիրներ: Դեյվիդ Միլիբենդը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահի ջանքերը և նշել, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է այդ գործընթացին ու շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում: