Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան երրորդ անգամ ընտրվել է նախագահ: Երկրի մայրաքաղաք Կիտոյում դիմելով աջակիցներին` Կորեան ասել է, որ Էկվադորին սպասվում է «եւս չորս տարվա հեղափոխություն»:
Սոցիալիստների առաջնորդն առաջին անգամ նախագահ էր ընտրվել 2007թ.: Նրա ձեռքբերումն են համարում երկրի կայունացումը: Սակայն Կորեայի քննադատները հայտարարում են, որ նա բռնապետական հակումներ ունի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այնուամենայնիվ, նա վաստակել է բազմաթիվ էկվադորցիների վստահությունը եւ ձախ գաղափարախոսություն քարոզող լատինամերիկյան առաջնորդների աջակցությունը:
Ըստ նախնական արդյունքների` Կորեան հավաքել է գրեթե 57% ձայն, իսկ նրա մրցակից, նախկին բանկիր Գիլիերմո Լասսոն` 24%: Ըստ Էկվադորի օրենքների` երկրորդ փուլից խուսափելու համար թեկնածուն պետք է հավաքի 50% -ից ավելի ձայն կամ 40%` գումարած մոտակա մրցակցից 10% տարբերությունը:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ նախագահ Կորեան ընտրություններում իր հաղթանակի մասին լուրը ստանալուց անմիջապես հետո գնացել է իր աջակիցների մոտ` նրանց հետ երգելու եւ պարելու: Նա ուղեւորվել է մայրաքաղաք Կիտոյի կենտրոնական փողոցներից մեկը, որտեղ հազարավոր մարդիկ սպասում էին նրա ժամանմանը: Շուրջբոլորն ամեն ինչ կանաչի երանգներով է զարդարված եղել` ժամանակին Կորեայի հիմնադրած «Հպարտ եւ անկախ հայրենիքի դաշինք» քաղաքական շարժման գույներով:
Պետության ղեկավարը բեմ է դուրս եկել, գրկախառնվել գործընկերների հետ, ուրախությունից պարել եւ թռչկոտել է համակիրների հետ:
Այնուհետեւ Կորեան վերցրել է բարձրախոսը եւ բոլորի հետ երգել «Մենք արդեն ունենք նախագահ, եւ նրա անունն է Ռաֆայել» երգը, որը նրա քարոզարշավի հիմնն էր:




























