Կիպրոսի հանրապետության նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել փետրվարի 17-ին, աջ կենտրոնամետ «Ժողովրդավարական հավաք» կուսակցության թեկնածու Նիկոս Անաստասիադիսը, ով համարվում էր երկրի ղեկավարի ամենագլխավոր հավակնորդը, կարողացել է պահպանել իր առաջատար դիրքերը: 66-ամյա Անաստասիադիսը հավաքել է ընտրողների 45,3 տոկոսը:
Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր ստանալ ընտրողների կեսից ավելիի ձայները: Ներկայումս պետք է տեղի ունենա երկրորդ փուլ, որը նախատեսված է փետրվարի 24-ին, հաղորդում է Pravda.ru-ն` վկայակոչելով Reuters-ը:
Անաստասիադիսի հետ երկրորդ փուլ է դուրս եկել ձախ ուղղվածության ԱԿԵԼ կուսակցության թեկնածու Ստավրոս Մալիսը, ով ստացել է ընտրողների ձայների ավելի քան 27 տոկոսը:
«Մեր առջեւ դրված է երկրի գոյատեւման խնդիրը»,-հայտարարել է Անաստասիադիսը, Լիմասոլ քաղաքում երեք թոռների հետ քվեարկությանը մասնակցելուց հետո:
Նշենք, որ Կիպրոսի նախագահի պաշտոնի համար պայքարում էր 11 թեկնածու, ինչը ռեկորդային թիվ է այս երկրի պատմության ընթացքում:




























