Ֆրանսիայի, Մալիի եւ Նիգերի զորաջոկատները մտել են Մալիի հյուսիսային Բուրեմ քաղաք, որը գտնվում է Գաո եւ Քիդալ քաղաքների միջեւ: Այդ բնակավայրը արմատական գրոհային խմբերի բաստիոն էր համարվում եւ հարեւան շրջանների համար լուրջ սպառնալիք:

Ըստ զինվորականների` հենց Բուրեմից էին եկել Գաոյի վրա փետրվարի սկզբին հարձակված ծայրահեղականների ավազակախմբերը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Եղած տվյալներով` երեք երկրների բանակային ստորաբաժանումները բնակավայր մտնելիս լուրջ խոչընդոտների չեն հանդիպել, նրանց մուտքը ողջունել են տեղի բնակիչները:

Մինչդեռ, ըստ ուժային կառույցների տվյալների, ծայրահեղականների հիմնական ուժերը, այդ թվում` խմբավորումների ղեկավարները, ներկայումս թաքնվում են երկրի հյուսիսում` Քիդալ եւ Թեսալիտ  շրջաններում, ինչպես նաեւ Ալժիրին սահմանակից  լեռնային Իֆոգաս տեղանքում:

Միաժամանակ, փետրվարի 17-ին կրկին հաղորդվել էր, որ Մալիի բանակը շարունակում է կտտանքների, երբեմն նույնիսկ մահապատիժների ենթարկել հյուսիսում գրոհայիններից ազատագրված քաղաքների բնակիչներին: Դաժան վեաբերմունքի եւ ճնշումների են ենթարկվում տուարեգների եւ արաբների համայնքների որոշ ներկայացուցիչներ, որոնց զինվորականներն անվանում են  «սպիտակամորթներ» եւ կասկածում ծայրահեղականներին աջակցելու մեջ: 

Հաղորդվում է զանգվածային հաշվեհարդարների, ինչպես նաեւ Մոպտի, Սեւարե եւ այլ քաղաքներում կանանց նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին: Մարդիկ  օգնության համար դիմում են Մալիի ազգային ժանդարմություն: Դեռ հնարավոր չէ հաշվել զինվորականների Լինչի դատաստանից տուժածների քանակը: