Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր` փետրվարի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հանդիպել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:

«Լրագիր.am»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում դեսպանը խուսափեց խոսել ընտրախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի մասին: «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հանդես կգա համապատասխան գնահատականով: Վաղ է այդ մասին խոսել, սպասենք, տեսնենք, թե ինչպես կավարտվեն ընտրությունները: Միջազգային հանրության անունից ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդները հանդես կգան հայտարարությամբ: Ես չէի ուզենա ընթացիկ աշխատանքների վերաբերյալ գնահատական տալ»,- ասաց դեսպանը:

Ջոն Հեֆերնը նշեց, որ ԱՄՆ դեսպանատունը հետեւում է ընտրական գործընթացներին: «Պարոն Մուկուչյանը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հրապարակավ ժողովրդի առաջ հավաստիացրել է, որ բոլոր խախտումներով կիրականցվեն հետաքննություններ, մեղավորները կպատժվեն: Մենք էլ՝ որպես դիտորդներ, հետեւում ենք ընտրությունների ընթացքին»,- ասաց նա:

ԱՄՆ դեսպանը միաժամանակ Հայաստանի ընտրողներին կոչ արեց ընտրախախտումներ արձանագրելու դեպքում հաղորդում տալ եւ այնպես անել, որ այն պատկան մարմինները, ովքեր հրապարակավ խոստացել են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, քայլեր կատարեն, որպեսզի ազատ, արդարացի եւ արժանահավատ ընտրություններ լինեն: