Հունաստանի ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Յորգոս Մերգոսը փամփուշտով ծրար է ստացել եւ գրություն: Ոչ մեծ տրամաչափի փամփուշտով ծրարը հայտնաբերվել էր փոստը գրանցելիս: Մասնագետները փաթեթի վրա մատնահետքեր էին հայտնաբերել:

Լրատվամիջոցները «ուղերձը» կապում են նախորդ շաբաթ նվազագույն աշխատավարձի մասին Մերգոսի հայտարարությունների հետ:

 2012թ. փետրվարին այն 750-ից 586 եվրոյի էր իջել: Մի քանի օր առաջ պաշտոնյան հայտնել էր, որ նվազագույն աշխատավարձը նախկինի նման բարձր է հունական իրականության համար:  Հայտարարությունը հանրության վրդովմունքն էր առաջ բերել, ուսանողները գրավել էին Մերգոսի պրոֆեսորական աշխատասենյակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկու շաբաթ առաջ փամփուշտով եւ սպառնալիքներով ծրար է ստացել նաեւ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, որը մասնակցել էր ԵՄ-ի եւ ԱՄՀ-ի վարկատուների հետ բանակցություններին, որոնց արդյունքում Հունաստանը 50 մլրդ վարկ է ստանում՝ կոշտ տնտեսման դիմաց: Պատասխանատվությունը ստանձնել է «Կրետական հեղափոխություն» խումբը: Նման ծրարներ են ստացել նաեւ Կրետեի խոշորագույն քաղաքների հարկային ծառայությունները: