Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ժողովրդականությունը մեծապես կախված է Ադրբեջանի հետ պատերազմում նրա ուժեղ մարդու կերպարից, սակայն նա նաեւ շախմատի մոլի երկրպագու է, որի զգույշ արտաքին քաղաքականությունը շախմատային քայլեր է հիշեցնում, գրում է  «GlobalPost»-ը` վկայակոչելով «France-Presse» գործակալությանը:

Սարգսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում,  որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ռազմական գործողությունների ասպարեզ էր, որի ժամանակ զոհ գնաց 30 հազ. մարդ:

Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել պատերազմական շրջանում, այդ թվում եղել է պաշտպանության հարցերով ղարաբաղյան կոմիտեի նախագահը եւ հարգանք է  վայելել` հրաժարվելով ռմբակոծվող Ստեփանակերտից  տարհանել ընտանիքը:

Սարգսյանը ղեկավարում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, որն զբաղվում է  երկրում այդ մարզաձեւի զարգացմամբ, եւ հայերը հաճախ են հաղթում գլխավոր մրցաշարերում:

Նա սիրում է ասել, որ շախմատային քայլերը երբեմն օգտակար են քաղաքականության մեջ, եւ նա ստիպված էր օգտագործել իր ողջ խորամանկությունը` ապահովելու համար ուժեղ արտաքին քաղաքականություն առավել ուժեղ հարեւաններով շրջապատված փոքրիկ քրիստոնյա երկրի համար:

Նրա ղեկավարության շրջանում Հայաստանին հաջողվեց անհավանական սխրանք գործել` Ռուսաստանի հետ ռազմավարական հարբերություններ ունենալ  եւ միաժամանակ խորացնել կապերը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ նկատելի ջերմ բարեկամական հարաբերություններ ունենալ հզոր իսլամական հարեւանի` Իրանի հետ:

Առավել պակաս հաջող էին Թուրքիայի հետ  հարաբերություններ հաստատելու զգույշ փորձերը, ինչը շատ ռիսկային ռազմավարություն էր` հաշվի առնելով հայկական սփյուռքի դիմակայությունը, որը ցանկանում է, որպեսզի Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանությունները ճանաչվեն որպես ցեղասպանություն: