Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին հանդիպել է Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան այցելած ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամ, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլաոս Քուիքի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում այլեւս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, որի արդյունքում իշխանությունը ցույց տվեց քաղաքական կամք՝ շարունակելու լայնամասշտաբ բարեփոխումները:
Նիկոլաոս Քուիքը նախ տեղեկացրել է, որ Հայաստան այցելելուն պես ինքը առաջինը եղել է Հայոց եղեռնի հուշահամալիրում եւ իր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին՝ նա նշել է, որ ԵԱՀԿ դիտորդական խումբն ընտրությունները դիտարկելու նպատակով կատարել է օրենքով նախատեսված բոլոր քայլերը եւ հանգամանորեն արձանագրել արդյունքները: Հույն պատգամավորի գնահատմամբ՝ նախագահական այս ընտրությունը նախորդների համեմատությամբ լուրջ առաջընթաց քայլ է արձանագրել եւ՛ նախընտրական քարոզարշավի, եւ՛ բուն ընտրությունների օրինականության առումով: Նիկոլաոս Քուիքը հույս է հայտնել, որ հետայսու Հայաստանն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի նաեւ եվրաինտեգրման ու եվրոպական քաղաքականության ասպարեզում, որին պատրաստ են աջակցելու Հայաստանի եվրոպացի բարեկամները եւ առաջին հերթին՝ հույն գործընկերները:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ հայ-հունական միջխորհրդարանական կապերին, պատգամավորական բարեկամական խմբերի փոխայցերին, խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում հայ եւ հույն պատգամավորների համագործակցությանն առնչվող հարցեր:




























