Չեխիայի Հանրապետության արտգործնախարարությունն ընդգրկված չի եղել Չեխիայի խորհրդարանի պատգամավորական պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախապատրաստած բանաձեւի մշակման գործընթացքում: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան այդ մասին տեղեկացրել են Չեխիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Ըստ Չեխիայի ԱԳՆ-ի՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Չեխիայի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Չեխիան սատարում է միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում եւ բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունների քաղաքականություն է վարում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ»:
«Չեխիայի Հանրապետության ԱԳՆ-ն տհաճորեն զարմացել է, որ նշված բանաձեւի ընդունման վերաբերյալ տեղեկատվությունը Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրվել էր վերոնշյալ հանձնաժողովի կողմից դրա բովանդակության հրապարակումից առաջ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Չեխիան Խոջալու քաղաքում կատարվածը «ցեղասպանություն» է ճանաչել:




























