ԱՄՆ դաշնային իշխանությունները երեք հայերի մեղադրանք են առաջադրել կանխամտածված հանցագործության մեջ: Նրանց ձերբակալել էին ուրբաթ օրը Tyson Fresh Meats ընկերությունում` մսի բեռնատարների գողության համար:

Ինչպես հաղորդում է  «Amarillo Globe-News»-ը, Շերման Օքսի (Կալիֆոռնիա) 55-ամյա բնակիչ Ռուբեն Աշիկյանը, Գլենդելի (Կալիֆոռնիա) 31-ամյա Լեւոն Աշիկյանն ու Նորթ Հալիվուդի (Կալիֆոռնիա) 55-ամյա բնակիչ Գրիգոր Դարմանջյան կանգնել են Ամարիլլո քաղաքի դատարանի առջեւ: Նրանք կմնան բանտում` մինչեւ գրավի հարցը քննարկելը: Ըստ մեղադրանքի` նրանք պայմանավորվել են Ամարիլլոյից գողացված միսը տեղափոխել Կալիֆոռնիա:

Հետաքննությունը սկսել էր 2011թ. FBI-ի կողմից, երբ գողերը Թայսոնից տարել էին 82 հազար դոլար արժողությամբ միս: Իրավապահները պարզել էին, որ նրանք եւս 24 նման հանցանք են կատարել 2011թ. ապրիլից մինչ այս տարվա փետրվարը: Ընդհանուր առմամբ, նրանք 4 մլն դոլարի վնաս են տվել: Ձերբակալության ժամանակ Ռուբեն Աշիկյանի մոտից կեղծ վարորդական վկայական են գտել: Առգրավվել է նաեւ վոլվո բեռնատար` սառցարանով: