Եվրամիությունը ողջունում է Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների նախնական եզրակացությունների մասին հայտարարությունը: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ ընդլայնման ու հարեւանության եվրոպական քաղաքական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարությունում:

«Մենք ի գիտություն ենք ընդունել փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները եւ ողջունում ենք միջազգային դիտորդների նախնական եզրակացությունների մասին հայտարարությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵՄ ներկայացուցիչները նաեւ ողջունում են հետագա առաջընթացը, որ Հայաստանի իշխանությունները ձեռք են բերել նախագահական ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու իրենց ձգտման մեջ, մասնավորապես ընտրական գործընթացի կատարելագործման, թեկնածուների համար հնարավորությունների ստեղծման եւ ընտրացուցակների բարելավման հարցում:

Միեւնույն ժամանակ ԵՄ-ն ակնկալում է, որ որոշ չլուծված խնդիրներ, այդ թվում պետական ծառայողների կողմնակալության, վարչական ռեսուրսների չարաշահման, ընտրարշավի ոչ հստակ ֆինանսավորման, ընտրողների վրա ճնշման ուղղությամբ, կլուծվեն ապագայում:

«Մենք նաեւ կոչ ենք անում հայաստանի իշխանություններին ընտրական օրենսդրության համընդգրկուն եւ թափանցիկ գործընթաց վարել»,- ասվում է հայտարարության մեջ: