Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ Գարիո-Մեյլամ Ժոելին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գարիո-Մեյլամ Ժոելը Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների ներկայացուցիչ սենատորն է, Սենատում արտաքին գործերի, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի քարտուղար, Եվրոպական գործերի հանձնաժողովի անդամ, կանանց իրավունքների եւ կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարության հարցերով զբաղվող պատվիրակության փոխնախագահ, «Ժողովրդական շարժում միության» խմբակցության փոխնախագահ:
Հյուրի խնդրանքով Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունը եւ հայապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները Սփյուռքում՝ հատկապես Ֆրանսիայի հայկական համայնքում:
Նախարար Հակոբյանը անդրադարձել է մայրենի լեզվի կարեւորությանը՝ որպես ազգային ինքնության պահպանման կարեւորագույն գործոնի եւ նշել, որ 2013 թվականը ՀՀ սփյուռքի նախարարությունը հռչակել է հայոց լեզուն արժեւորելու, պահպանելու եւ սովորելու տարի: Նախարար Հակոբյանը տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից փետրվարի 21-ը «Մայրենիի օր» ճանաչվելու կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվում է մայրենիին նվիրված միջոցառումների շարք: Նշվել է Հայաստանում ֆրանսերենի լայն տարածման, 2012թ Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցման մասին:
Խոսելով ՀՀ սփյուռքի նախարարության առաջնահերթությունների մասին՝ Հ. Հակոբյանը ներկայացրեց սիրիահայերի աջակցությանն ուղղված պետական քաղաքականությունը եւ այդ ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը:
Հանդիպման ավարտին Հ. Հակոբյանը սենատոր Գարիո-Մեյլամ Ժոելին առաջարկել է իրականացնել Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցության համատեղ ծրագրեր:




























