Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատար գեներալ Ջոն Ալենը հրաժարվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի հրամանատարությունից եւ հայտնել, որ պաշտոնաթող է լինում:
Ալենը պարզաբանել է, որ իր հրաժարականը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով եւ, առաջին հերթին, կապված է կնոջ առողջության հետ, հաղորդում է «Независимая газета»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 60-ամյա գեներալին առաջարկել էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, սակայն Ալենը խնդրել էր իրեն ժամանակ տալ մտածելու համար:
Ալենը հերքել էր իր հրաժարականի հնարավոր կապը 37-ամյա Ջիլ Քերիի հետ սիրային նամակագրության շուրջ ծագած սկանդալի հետ, սակայն «The Washington Post» –ի հետ զրույցում խոստովանել է, որ նամակների հրապարակումը հարվածել է կնոջը, տեղեկացնում է «Утро.Ру»-ն:




























