ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին օրենսդիրներին կոչ է արել չկրճատել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար անհրաժեշտ ծախսերը: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլում։

ԱՄՆ-ն կարող է ավելի շատ գումար հատկացնել  արտաքին քաղաքական ծրագրերի իրագործման համար, հայտնել է նա եւ հավելել, որ արտաքին քաղաքականության վրա ծախսվում է  ԱՄՆ-ի բյուջեի 1%-ից քիչ ավելին: 

Ջոն Քերրին ընդգծել է, որ ամեն անգամ, երբ Վաշինգտոնում որոշում են զբաղվել բյուջետային միջոցների տնտեսմամբ, տուժում է այլ երկրներին օգնություն ցուցաբերելու ծրագրերի ֆինանսավորումը:  Ըստ պետքարտուղարի`այդ միտումը պետք է փոխել: «Այսօր ավելի էժան է արտասահման դիվանագետներ ուղարկել, քան վաղը` զորքեր», - ասել է նա:

ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ-ն պետք է ձգտի պահպանել  առաջատարի դերն աշխարհում, Քերիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Ըստ նրա` մոտակա տարիներին ժողովրդավարության, ամբողջ աշխարհում քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների  առաջընթացը կմնա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: Քերին նշել է, որ իր գերատեսչության աշխատակիցները ակտիվ կերպով զբաղվում են այդ աշխատանքով, որն անում են ոչ թե Վաշինգթոնի իրենց աշխատասենյակներում, այլ  «տեղերում»` այսինքն արտասահմանում ԱՄՆ-ի դեսպանատներում, ընդ որում` երբեմն «ամենավտանգավոր կետերում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սա ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի առաջին խոշոր ելույթն է՝ նվիրված արտաքին քաղաքականությանը: