Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին թույլ չեն տվել այցելել Կարակասի հիվանդանոցում գտնվող Վենեսուելայի նախագահ Ուգո Չավսին։
Ըստ Մորալեսի՝ բժիշկները դա հիմնավորել են նրանով, որ Չավեսը լիակատար հանգստի ու բժիշկների մշտական հսկողության կարիք ունի։ Բոլիվիայի նախագահը նաեւ հայտնել է, որ հանդիպել է Չավեսի ընտանիքի հետ եւ նշել է ընտանիքի անդամների «ոգեշնչվածությունը», հայտնում է AFP-ն։
«Մենք խոսեցինք բժիշկների հետ, որոնք ասացին, որ նա հանգստանում է»,- ասել է Մորալեսը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ հարցրել են փետրվարի 19-ին Կարակաս կատարած այցի մասին: Ձախ քաղաքական հայացքներ ունեցող Մորալեսը հարավամերիկյան մայրցամաքում Չավեսի գլխավոր դաշնակիցներից է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
AFP-ն նշում է, որ Էվո Մորալեսը Նյու Յորք մեկնելիս հատուկ Չավեսի հետ հանդիպման համար է Կարակասում կանգ առել։
Քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո վերականգնման փուլ անցնող Ուգո Չավեսը Վենեսուելա էր վերադարձել փետրվարի 18-ին: Մինչ այդ 2012թ. դեկտեմբերից նա գտնվում էր Հավանայում: Հետվիրահատական վերականգնումը որոշ բարդություններով է ընթացել: 2011թ. կեսերից ի վեր Չավեսն արդեն չորս անգամ վիրահատվել է:




























