ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունը փետրվարի 20-ին հայտարարություն է տարածել Արցախյան ազատագրական շարժման 25-ամյակի կապակցությամբ:
«1988թ. փետրվարի 20-ին, արտահայտելով տեղական բնակչության կամքը, Ղարաբաղի օրենսդիր մարմինը դիմել է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանության խորհրդային մարմիններին` խնդրելով ինքնավարությունը Խորհրդային Ադրբեջանի կազմից փոխանցել Խորհրդային Հայաստանի կազմ` Ստալինի 1921թ. ապօրինի որոշումը վերացնելու համար»,- ասվում է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության հայտարարության մեջ:
«25 տարի առաջ Ղարաբաղի ձգտման դեմ կտրուկ հանդես են եկել կենտրոնական խորհրդային իշխանությունները, որոնք փորձել են փլուզվող ԽՍՀՄ-ում առաջին իրապես ժողովրդավարական շարժումը: Մոսկվան խորհրդայաին զորքեր ուղարկեց ադրբեջանական ռազմականացված խմբավորումների հետ` ահաբեկումներ տարածելու եւ ուժային ազդեցություն գործելու:
Ի պատասխան Ստեփանակերտում ընթացող խաղաղ ցույցերի, լավպատրաստված ադրբեջանական ամբոխները հարձակվում եւ սպանում էին հարյուրավոր էթնիկ հայերի Ադրբեջանի քաղաքներում եւ գյուղերում, այդ թվում` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում (նախկին հայկական Գանձակում):
1991թ. Ադրբեջանը սկսեց լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ` սպանելով հազարավոր մարդկանց, վերացնելով հայկական քաղաքներն ու գյուղերը: ԱՄՆ Սենատի №128 բանաձեւում (1991թ. մայիս) դատապարտվում էր «ուժի անկանոն կիրառումը» Ադրբեջանի կողմից «անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց դեմ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ, եւ Հայաստանում»:
Այդուհանդերձ, հայերին հաջողվեց պաշտպանել իրենց տները մարտի դաշտում, եւ, ի վերջո, ստիպեցին ագրեսորին դադարեցնել կրակը, որի մասին համաձայնագիրը կնքվեց Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ 1994թ. մայիսին:
Այդ օրվանից ԼՂՀ-ն զարգանում է որպես անկախ ժողովրդավարություն` արդյունավետ կառավարմամբ եւ լավ գործող քաղաքացիական հասարակությամբ»:




























