Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հեռանալու անակնկալ որոշման պատճառը Պապի առողջական վիճակը չէ, այլ Վատիկանի սկանդալը։ Նման եզրահանգման են եկել իտալական Repubblica հրատարակչության լրագրողները։
Նրանք հաստատում են, որ դեռ դեկտեմբերի 17-ին Բենեդիկտոս 16-րդը 300 էջանոց զեկույց էր ստացել, որում խոսվում էր Վատիկանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին նույնասեռականության համար շանտաժի ենթարկելու մասին։ Մի քանի բարձրաստիճան հոգեւորականներ էլ մեղադրվում էին Վատիկանի միջոցների յուրացման մեջ, գրում է rbc-ն։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին հրաժարվել է մեկնաբանել իտալական թերթում ներկայացված փաստերը՝ բոլորին առաջարկելով զբաղվել իրենց գործով։
Մինչդեռ, ըստ ունեցած տվյալների, Վատիկանում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ստուգի թերթում ներկայացված փաստերը։ Այն կղեկավարի Իսպանիայի կարդինալ Խուլիան Հերանսը։




























