ԱՄՆ-ում եւս մեկ երեխա է խորթ ծնողների զոհ դարձել: Այս անգամ զոհը դոնեցկցի 13-ամյա մի տղա է եղել: Դեպքը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ, բայց հայտնի է դարձել միայն այժմ, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ռուս երեխաների սպանության հետ կապված աղմուկ է բարձրացել:
2011 թվականին 13-ամյա Էնդրյու Արթուր Բաթլերին, գլխին կրակելով` սպանել է նրա 73-ամյա խորթ հայրը: Պատահածի մասին տեղեկություններ հայտնել է Բաթլեր ընտանիքի հարեւանը` լրատվամիջոցներում կարդալով ԱՄՆ-ում ռուս երեխաների սպանությունների մասին: Նա որոշել է զանգահարել դիվանագետներին եւ նրանց տեղեկություն հայտնել, քանի որ կարծել է, որ գնդակահարված տղան որդեգրվել է Ռուսաստանում:
Ամերիկացիների որդեգրած տղան բնակվել է Արեւմտյան Վիրջինիայի Հեջսվիլ քաղաքում: Խորթ հայրը հայտարարել է, որ որդուն սպանել չի ցանկացել: Ուիլյամ Ալանը պատմել է, որ ցանկացել է տղային սովորեցնել կրակել եւ նրան ատրճանակ է տվել, իսկ ինքը գնացել է թիրախ կանգնեցնելու: Երբ տղամարդը հետեւից կրակոցի ձայն է լսել, կարծել է, թե Էնդրյուն փորձել է իրեն կրակել, շրջվել եւ կրակել է տղայի գլխին, գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»: Տղամարդուն դատապարտել են:
Բաթլերի ընտանիքում եւս երկու խորթ երեխաներ են եղել: Ոստիկաններն արձանագրել են, որ 12-ամյա աղջիկը ողբերգության պահին տանն է եղել եւ պատուհանից տեսել է, թե ինչպես է արյունաքամ լինում գետնին ընկած եղբայրը:




























