Փետրվարի 22-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ Հաոլինգ Հուին:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ անցյալ տարի Հայաստանը նշել է ՄԱԿ-ին իր անդամակցության քսանամյակը եւ կարելի է փաստել, որ այս երկու տասնամյակի ընթացքում Հայաստանը ակտիվորեն ներգրավված է կազմակերպության աշխատանքներում: Նախարարը գոհունակություն է հայտնել նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեության 20-ամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հաոլինգ Հուն բարձր գնահատել է Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ առկա համագործակցությունը եւ նշել, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը տարեցտարի ավելի արդյունավետ եւ ընդգրկուն են դառնում։

Զրուցակիցները համակարծիք էին, որ 2009թ.-ին հաստատված ՀՀ-ի 2010-2015թթ.-ի զարգացմանն աջակցության ՄԱԿ-ի փաստաթուղթը (UNDAF) ներառում է խնդիրների այն լայն շրջանակը, որոնց իրականացումը, ՄԱԿ-ի օժանդակությամբ ու փորձագիտական օգնությամբ, հնարավորություն կտա Հայաստանին իրականացնելու Հազարամյակի զարգացման նպատակներով նախատեսված մի շարք ծրագրեր: