Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, եթե այդքան վստահ չլիներ, մի երկու հոգու ավել կխնդրեր, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ռուբեն Հովսեփյանը:
Նշենք, որ Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքում Սերժ Սարգսյանը պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 14566 ձայն, իսկ Սերժ Սարգսյանը` 13392 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանին զիջելով 1174 ձայնով: Այս առնչությամբ, Հովսեփյանն ասաց. «Դե ընտրություն էր: Հավանաբար, հիմնական պատճառը վստահությունն էր»: Դիտարկմանը, թե ուզում է ասել, որ ժողովուրդն ավելի շատ Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն է վստահում, քան` Սերժ Սարգսյանին, նա հակադարձեց. «Ոչ, ոչ վստահ էինք, որ ձայները կտան Սերժ Սարգսյանին»:
Հարցին, թե եթե այդքան վստահ չլինեին Սերժ Սարգսյանի հաղթանակում, ի՞նչ կանեին, Ռուբեն Հովսեփյանն անկեղծացավ. «Մի երկու հոգու ավելի շատ կխնդրեինք»: Նրա խոսքով` այս ընտրություններից հետեւություն են արել եւ մյուս ընտրություններին ավելի շատ են աշխատելու, որ գործող նախագահը հաղթի:
Ինչ վերաբերում է ընտրությունների ելքով պայմանավորված հրաժարականներին եւ կադրային փոփոխություններին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Այդ մասին տեղեկացված չեմ եւ ոչ մի բան չեմ կարող ասել: Իսկ ով հրաժարական է ներկայացնում դա մարդու մտածելակերպից է, իր վերաբերմունքն է եւ այդ մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ մեկնումեկին պարտադրեն հրաժարական ներկայացնել»:




























