Հայաստանի առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքներով վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճի միտում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ` դա պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ եւ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ «Բնակչության ակտիվ դիմելիությունը գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման  կարեւոր պայման է, որը միաժամանակ նվազեցնում է  ստացիոնար բուժհաստատությունների բեռը»,- հայտնեցին նախարարությունից:

Հանրապետության, հատկապես` Երեւանի հիվանդանոցների բաժանմունքներում բուժվող հիվանդների մոտ համապատասխան բուժման արդյունքում առողջացման դրական շարժընթաց է նկատվում: Բաժանմունքներում բուժվող միջին ծանրությամբ հիվանդների վիճակը պայմանավորված է նրանց ուղեկցող հիվանդություններով եւ ուշ դիմելիությամբ:

Հոսպիտալացված հիվանդների շրջանում կազմակերպված եւ իրականացված վիրուսաբանական հետազոտության արդյունքում արձանագրվել են գրիպի  ինչպես Ա տեսակի H1N1, H2N3 ենթատեսակները, այնպես էլ Բ տեսակը: Ինչպես ցույց են տալիս համաճարակաբանական վերլուծության արդյունքները գրիպից բարդություններ կարող են առաջանալ գրիպի ցանկացած տեսակի, ցանկացած ենթատեսակի ժամանակ, հատկապես` խոցելի անձանց շրջանում` քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք (սիրտ թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա), տարեցներ, երեխաներ, հղի կանայք:

Գրիպի, սուր շնչառական վարակների եւ դրանց բարդություններից խուսափելու համար անհարժեշտ է դիմել առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, անհրաժեշտ բժշկական խորհրդատվություն, բուժում եւ, բժշկական ցուցման դեպքում, հակավիրուսային պատրաստուկների անվճար տրամադրման համար: Գրիպից կամ սուր շնչառական վարակներից զերծ մնալու համար անհրաժեշտ է գրիպանման երեւույթների առկայության դեպքում մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն, չշփվել գրիպանման երեւույթներով անձանց հետ, պահպանել հազալու եւ փռշտալու վարվելակարգը, խստորեն հետեւել անձնական հիգիենային, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները: