Մոսկվայում երեք ֆոտոմոդելների սպանության կասկածանքով ձերբակալված 42-ամյա հեքիմ Գեորգի Մարտիրոսյանը խոստովանել է, որ իր հաճախորդուհիների համար թմրամիջոցներ է բերել: Հարցաքննության ժամանակ նա մանրամասն պատմել է աղջիկների հետ իր հարաբերությունների մասին:
Դեռեւս 2009-ին Մարտիրոսյանը օգնել է Ռիմա անունով ֆոտոմոդելին, ով եկել է իր մոտ ընդունելության, իսկ շուտով նրա խորհրդով հեքիմի մոտ են գնացել իրենց մոդելային բիզնեսում փորձող տասնյակ աղջիկներ: 2010-ի ամռանը էքստրասենսը ծանոթացել է Նատալյա Տրապեզնիկովայի հետ, ով մյուսների նման խնդրել է «էներգետիկ մաքրում» կատարել: Այդ պրոցեդուրայի ժամանակ, որի համար աղջիկները վճարել են 3000 ռուբլի (մոտ 100 դոլար), Մարտիրոսյանը յուղով մերսել է աղջիկների մարմինները եւ մոմ կաթացրել: Աղջիկները հանվել են մինչեւ գոտին, իսկ երբեմն ամբողջությամբ են հանվել: Այդ պրոցեդուրաների ժամանակ, Մարտիրոսյանը սեռական կապի մեջ է մտել աղջիկների հետ: Նա վստահեցրել է, որ «մաքրման կանոների համաձայն» եկեղեցական յուղին պետք է տղամարդու սերմ խառնել, գրում է LifeNews-ը:
Մարտիրոսյանը պնդել է, որ որեւէ մեկին ուժով չի պարտադրել ինտիմ կապի մեջ մտնել: Աղջիկները վստահ են եղել, որ էքստրասենսի հետ սեքսը կմեծացնի արդյունավետությունը, ուստի սիրով համաձայնել են սեքսին:
Էքստրասենսի խոսքով` Տրապեզնիկովան, ինչպես նաեւ մյուսները, խնդրել է իր հետ տղամարդու սերմով պրոցեդուրա անցկացնել, որից հետո նրանց հանդիպումներն ավելի հաճախակի են դարձել: Իսկ 2011-ի սեպտեմբերի 19-ին նա Մարտիրոսյանին իր տուն է հրավիրել` խնդրելով ճանապարհին թմրամիջոցներ վերցնել:
Մարտիրոսյանը խոստովանել է, որ անձամբ թմրամիջոցներ չի օգտագործել եւ չի իմացել անգամ, թե ինչ է իր հետ բերել Նատալյայի համար: Ամենայն հավանականությամբ դա կոկաին է եղել, քանի որ աղջիկը, նրա խոսքով, հոտ է քաշել սպիտակ փոշուց:
Մարտիրոսյանը պատմել է, որ Նատալյայի մահվան գիշերն ինքը նրա տանն օգտագործած ներարկիչ է գտել: Տղամարդը հերքում է սպանության մեղադրանքները:
Քննիչները, սակայն, կարծում են, որ Մարտիրոսյանն սպանել է իր հաճախորդուհիներին` նրանց ունեցվածքին տիրանալու համար:






























