Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, այսօր` փետրվարի 26-ին արդարացման վճիռ է կայացրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ:
Նախկին մարզպետը մեղադրվում էր ՀՀ Քր.օր.-ի 308 (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314 (Պաշտոնեական կեղծիքը) եւ 315 (Պաշտոնեական անփութությունը) հոդվածներով: Դատարանը Հովակիմյանին արդարացրել է երեք դրագներով, թեեւ մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդել էր մեղավոր ճանաչել Վարդգես Հովակիմյանին եւ ազատել պատժի կրումից` համաներում կիրառելով:
Հովակիմյանի պաշտպան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շատ ուրախ է, որ դատարանը գտնվեց իր բարձունքի վրա եւ իրականում արդարադատություն իրականացրեց: « Եթե մյուս դատարաններն էլ հետեւեն այս դատարանի օրինակին, կկարողանանք նշել, որ Հայաստանում կա արդարադատություն»,- նշեց փաստաբանը:
Նշենք, որ Հովակիմյանին մեղադրում էին, թե վարձակալության է տվել Գինեվետ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողերը` դրանք որպես արդյունաբերական նշանակության հող ներկայացնելով: Դատարանում ապացուցվեց, որ այդ հողերն իսկապե արդյունաբերական նշանակության են:
Գործն, ի դեպ, հարուցվել էր Ալիկ Սարգսյանին ուղղված անանուն, կեղծ ստորագրությամբ նամակի հիման վրա:
Նշենք, որ Վարդգես Հովակիմյանը Արարատի մարզպետ էր նշանակվել 2008թ. հունիսի 16-ին, ազատվել` 2010թ.: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել 2011թ. հուլիսի 19-ին: Ըստ Արտաշատում շրջանառվող լուրերի, այս գործի հետեւում կանգնած է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:




























