Հայաստանի փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդի նիստում ի գիտություն է ընդունվել Հայաստանում մարդկանց մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Փաստաթուղթը սահմանված կարգով կներկայացվի կառավարություն:

Խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» եւ միջոցառումների իրականացման ժամանակացույցի նախագիծը: Նշվել է, որ փաստաթղթի մշակման աշխատանքներին ակտիվ ներգրավված են եղել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, հաշվի են առնվել նախորդ ծրագրի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները, միջազգային տարբեր կազմակերպությունների եւ կառույցների զեկույցներում տեղ գտած առաջարկությունները: Փաստաթուղթը ներկայացվել է շահագրգիռ մարմինների քննարկմանը: Գործողությունների արդյունավետությունը գնահատելու նպատակով նախատեսվում է ազգային ծրագրի միջանկյալ եւ վերջնական անկախ մշտադիտարկման իրականացում: Նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն:

Խորհուրդը քննարկել է նաեւ շահագրգիռ պետական մարմինների կողմից 2014թ. հակաթրաֆիքինգային գործողությունների ֆինանսավորման հայտերը ներկայացնելու հարցը: Փոխվարչապետը պետական մարմինների ներկայացուցիչներին առաջարկել է 2014թ. համար բյուջետային հայտերը ներկայացնելիս հաշվի առնել նաեւ ազգային ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման հանգամանքը եւ համապատասխան միջոցներն արտացոլել ֆինանսական հայտերում:

Խորհուրդը որոշում կայացրել է 2013թ. թրաֆիքինգ երեւույթի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման համար խրախուսական մրցանակ սահմանելու մասին: Մրցույթի անցկացումը նախատեսված է նաեւ «ՀՀ-ում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» նախագծով: Թրաֆիքինգ երեւույթի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման առաջին մրցույթը հայտարարվել եւ մրցանակաբաշխությունը տեղի էր ունեցել 2012թ-ին: Միջոցառման նպատակն այդ թեմայով լրագրողական նյութերի պատրաստման խրախուսումն է եւ երեւույթի մասին հանրային իրազեկումը:

Հաշվի առնելով, որ նախորդ տարի միջոցառման նախապատրաստման աշխատանքներն իրականացրել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն, որոշվել է խորհրդի անունից դիմել ՀԿ-ին` այս անգամ ես կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու համար: