Եկել է ժամանակը ճանաչելու հայ ժողովրդի հաղթանակը: Այդ մասին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչների առջեւ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:
«Սերժ Սարգսյանը պետք է իր մեջ ուժ գտնի եւ ճանաչի ոչ թե Րաֆֆիի հաղթանակը, այլ ժողովրդի հաղթանակը, եւ հուսով եմ` նա կանի դա, կընդունի ողջ ժողովրդի կամքը: Այնժամ ես կվերադառնամ այստեղ, որ Արենիի խնդիրները, հայկական գյուղի խնդիրները մենք միասին լուծենք: Դուք համաշխարհային կարգի գինի եք արտադրում: Եւ այդ գինին մենք պետք է հանենք համաշխարհային ճանաչման մակարդակի»,- ասել է Հովհաննիսյանը:
Հավաքվածներից մեկի հարցին, թե ինչի են հանգեցնելու մշտական հանրահավաքները, նա պատասխանել է. «Սա հանրահավաք չէ: Մենք եկել ենք իրար բարեւելու: Հանրահավաքը լինելու է Երեւանում, հաղթական հանրահավաքը»:




























