Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձգձգում է՝ ակնկալելով, որ ղարաբաղյան հարցում ադրբեջանամետ առաջընթաներ կգրանցվեն։ Այս մասին փետրվարի 12-ին կայացած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի եի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ Թուրքիայի դիրքորոշումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այդ երկիրը սահմանի բացման ուղղությամբ ապակառուցողական է տրամադրված։ «Հայաստանը պարզապես վայրկյան առաջ պետք է հայտարարի, որ Թուրքիան տապալում է արձանագրային գործընթացը, եւ որքան ուշ Հայաստանը հայտարարի այդ մասին, այնքան կդժվարանա մեզ համար գործընթացից դուրս գալը»,-նշեց ՀՅԴ ներկայացուիչը:
Մանոյանի խոսքով՝ անհասկանալի է Հայաստանի նախագահի այն հայտարարությունը, ըստ որի՝ Թուրքիային դարձյալ ժամկետ է տրամադրվում: Ըստ նրա՝ չի բացառվում, որ Ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին Թուրքիան կրկին ոչ էական քայլ կատարի, եւ հայտարարի, որ արձանագրությունները վավերացման փուլում են: «Հայաստանը պետք է հայտարարի, որ գործընթացը տապալված է՝ Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմանների պատճառով»,- ասաց Կիրո Մանոյանը, ավելացնելով, որ արձանագրությունների վավերացման դեմ Դաշնակցությունն արդեն ստորագրահավաք է սկսել Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:
Նրա տեղեկացմամբ, ՀՅԴ-ն վերապահումներով է ընդունում այդ արձանագրությունները։ «Այս հարցում մենք կարող են համոզել մի շարք պատգամավորների»,- ընդգծեց նա՝ անհավանական համարելով, որ Հայաստանի Ազգային ժողովը ավելի շուտ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։
NEWS.am-ի թղթակցի հարցերին պատասխանելիս՝ Կ. Մանոյանը նշեց, որ, եթե Հայաստանը Թուրքիայի հետ իսկապես առանց նախապայմանների գործընթաց սկսեր, սահմանները բացեր, ապա Ադրբեջանի վարքն այս պարագայում այլ դրսեւորում կստանար։
«Մոտ երկու տարի առաջ, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանների բացման հնարավորություն է տեսնում, Ադրբեջանի նախագահ Ալիեւը հստակ նշեց, եթե սահմանները բացվեն, ապա Բաքուն ղարաբաղյան բանակցային գործընթացից դուրս կգա»,- նշեց Մանոյանը՝ նկատելով, որ Բաքվի ներկայիս վարքից կարելի է ենթադրություններ կատարել թուրքական իշխանությունների հարաբերությունները կարգավորելու անկեղծության աստիճանի մասին։




























