Այսօր` փետրվարի 26-ին, «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարում հաղթող ճանաչվեց ԱԳՆ թիմը, իսկ մրցանակը նրանց հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ): Նշենք, որ որ «Գիտակների հայկական ասոցիացիան» եւ «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ, արդեն 4 տարի է, կազմակերպում են «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը:

Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին եւ հնարավորինս ընդլայնել ինտելեկտուալ խաղերի տարածվածությունը Հայաստանում: Մրցաշարին մասնակցում էին ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների 27 թիմեր: Մինչեւ պատվավոր առաջին մրցանակը հանձնելը ՀՀ քաղծառայողների խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը 3-րդ  տեղի համար նախատեսված մրցանակը հանձնեց ՀՀ Առողջապահության նախարարության թիմին: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Առողջապահության նախարարության աշխատակից Սարո Ծատուրյանը:

Երկրորդ տեղի համար նախատեսված մրցանակը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնեց Պաշտպանության նախարարության թիմին եւ հետաքրքիր դիտարկում արեց. «Ինչպես համոզվեցիք այս անգամ նույնպես մրցաշարը շատ արդար էր, որովհետեւ ԿԳՆ թիմը հերթական անգամ լինելով կազամակերպիչ թիմ, անփառունակ լքեց այս մրցաշարը: Ուզում եմ խոստովանել, որ ամիսներ առաջ էլ, երբ վարչապետի գավաթի խաղարկությունն էր, բայց ֆուտբոլի մրցաշարում, ԿԳՆ թիմը փայլուն պարտություն կրեց Պաշտպանության նախարարության թիմից 5-0 հաշվով: Այս մրցանակը եւս սիրով հանձնում եմ ՊՆ թիմին»:

Դրանից հետո պատվավոր առաջին տեղին համար նախատեսված գավաթը ԱԳՆ թիմին հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա շնորհավորելով բոլոր մասնակիցներին ընդգծեց, որ այս գեղեցիկ մրցաշարին մասնակցելով իրականում այսօր բոլորը հաղթանակած են դուրս գալիս: Նրա խոսքով, այս խաղն ունի մեծ խորհուրդ, որ գործադիր իշխանության ներսում մրցակցությունը պետք է լինի ինտելեկտուալ: Հետեւաբար` ուրախ է, որ տարեցտարի հետաքրքրությունը խաղի նկատմամբ մեծանում է, իսկ մասնակիցների քանակն էլ` ավելանում:

Նա նաեւ ընդգծեց, որ Պաշտպանության նախարարությունը լրջագույն հաջողություն արձանագրեց այս տարի` ի տարբերություն նախորդ տարվա: «Սա նույնպես մեզ ուրախացնում է, որովհետեւ հենց ՊՆ-ում պետք է ձեւավորվի նոր ինտելեկտուալ մեծ զանգված եւ մեր հանրության էլիտան, ինչը տարիներ առաջ մեզ համար լրջագույն խնդիր էր»,- նշեց Տիգրան Սարգսյանը եւ համոզմունք հայտնեց, որ ապագայում դա մեզ լրջագույն հաջողություն է ապահովվելու:

Ինչ վերաբերում է ԱԳՆ թիմի հաղթանակին, վարչապետն ասաց, որ նրանք ապացուցեցին, որ ուժեղագույնն են այսօր այս մրցաշարում: «Անցած տարի էլ մենք արձանագրեցինք, որ այսուհետեւ մենք հանգիստ կարող ենք լինել մեր դիվանագիտական ճակատում մղվող պայքարի համար, քանի որ այդ պայքարը մղում են ինտելեկտուալները, որոնք ունեն բավարար գիտելիքներ, որպեսզի պաշտպանեն մեր շահերն արտաքին ճակատում: Ես ուրախ եմ, որ դա պատահական չէր եւ այսօրվա հաղթանակն էլ ապացուցում է, որ դա օրինաչափություն է»,-ավելացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արտգործնախարարության թիմին հանձնեց գավաթը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am