«Արմենալ» գործարանում կոնֆլիկտ է առաջացել փայլաթիթեղագլանման արտադրամասի բանվորների եւ տնօրինության միջեւ: Բանվորները պահանջում են հավելավճար՝ վնասակար պայմաններում աշխատելու համար, սակայն գործարանի տնօրինությունը նման հավելավճարներ վճարելու իրավական հիմքեր չի տեսնում:
Սկսվել է դատական գործընթաց, բանվորների շահերը պաշտպանում է «Լեվ գրուպ» իրավաբանական ֆիրմայի տնօրեն Լեւոն Բաղդասարյանը; Ի դեպ՝ սույն իրավաբանը առաջին անգամը չէ, որ պաշտպանում է «Արմենալի» բանվորների շահերը:
Այսօր հրավիրած ասուլիսում Լ. Բաղդասարյանը հայտարարել է, որ դատարանը մասնակի բավարարել է բանվորների պահանջը՝ սահմանելով 50% հավելավճար (բանվորները պահանջում էին 100%), սակայն դատարանի որոշումը փաստացի չի կիրառվում: Ըստ Լ. Բաղդասարյանի՝ գործարանի բողոքավոր 100 բանվորներ վախով են աշխատանքի գնում, քանի որ գործարանի տնօրինությունը սպառնացել է աշխատանքից ազատել նրանց:
Ի պատասխան մամլո ասուլիսում հնչեցրած տեսակետների, մամլո հաղորդագրություն է տարածել նաեւ «Արմենալ» ընկերությունը: Դրանում, մասնավորապես, նշված է. «... բանվորների պահանջը, կապված վնասակարության համար հավելավճարների հետ, չունի իրավական հիմնավորում եւ հակասում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական նորմատիվ ակտերին: Այն պնդումը, որ Ռուսաստանում ՌՈՒՍԱԼ-ի փայլաթիթեղագլանման գործարաններում վճարվում են նման հավելավճարներ, չի համապատասխանում իրականությանը»:




























