Հայ ժողովրդի համախմբվածությունը այն երաշխիքներից է, որ մենք այլեւս չենք բախվի ցեղասպանություն երեւույթին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 27-ին սումգայիթյան ծրագրերի վերաբերյալ կլոր սեղանի շուրջ հայտնել է Հայաստանի նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը:
«Մենք Ցեղասպանության դառը փորձություն տեսած ժողովուրդ ենք: Հետեւաբար, մենք միջազգային հանրության առաջ պարտավոր ենք անել հնարավոր ամեն ինչ՝ հետագայում նման հանցագործությունների կանխման համար: Ինչո՞ւ են ցեղասպանություններն իրագործվում հենց այս տարածաշրջանում: Չի կարելի դա կապել միայն թուրք ժողովրդի մենթալիտետի հետ: Դա անհրաժեշտ է պայմանավորել մեր տարածաշրջանի բնույթով, որտեղ ակնառու են տարբեր շահերի բախումները: Մեր խնդիրն է լինել միասնական եւ ընդդիմանալ դրան», - ընդգծել է Վահան Շիրխանյանը:
Ըստ նրա համոզման` Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը եւ միջազգային ճանաչումը հիմնականում կախված են հայ ժողովրդի համախմբվածությունից եւ համաձայնեցված քայլերից:




























