Օդանավակայաններում եւ ինքնաթիռներում ծեծկռտուքների թիվը համալրվեց հերթական VIP-միջադեպով: «Գազպրոմի» ղազախական մասնաճյուղի տնօրեն Իգոր Մուկանն ու «Օբորոնսերվիսի» գործով փաստաբան Սերգեյ Կուզմինը կռվել են Իտալիայում թռիչքից առաջ եւ հարաբերությունների պարզումը շարունակել հայրենիքում: Ընդ որում, յուրաքանչյուրն իր վարկածն ունի, իսկ վկաներ, պարզվում է, չկան:

Սերգեյ Կուզմինն «Իզվեստիա»-ին պատմել է, թե Հռոմի օդանավակայանում դիտողություն է արել ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդուն, ով հայհոյանքներով փորձում էր հերթում առաջ անցնել: Նրա հագին «Ռոսսիա» գրառումով պիջակ է եղել: Փաստաբանի դիտողությանն ի պատասխան Մուկանը հարձակվել է նրա վրա: Օդանավում միջադեպը չի շարունակվել, սակայն Մոսկվայում նրանք կրկին բախվել են իրար: Ըստ Կուզմինի, Մուկանը հարվածել է իր դեմքին, ինքն էլ պատասխանել է:

Ոստիկանությունը բերման է ենթարկել երկուսին էլ, որտեղ նրանք բացատրություն են տվել ծեծի ենթարկվելու մասին: Ի դեպ, տեսախցիկները դեպքի պահին չեն աշխատել, իսկ Մուկանի փորձաքննությունն ալկոհոլի հետքեր չի հայտնաբերել: