Ադրբեջանը մերժում է ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի կողմից հակամարտության խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ բոլոր առաջարկները: Այս մասին «Ավստրիական լրատվական գործակալությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը մՄերժում է նույնիսկ վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում զինադադարի ամրապնդման,  դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության մեխանիզմի ստեղծման։

«Նրանք պատրանք ունեն, որ նավթից եւ գազից հեշտ ստացված եկամուտներով իրենք կարող են գնել ամեն ինչ ՝ բարեկամներ միջազգային բեմահարթակում, իրենց համար նպաստավոր լուծումներ։ Ինչու մինչ այսօր չի ստացվում կարգավորման հասնել։ Որովհետեւ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանը խոսում են տարբեր լեզուներով: Այն ժամանակ, երբ մենք հավաքվել ենք Վիեննայում խթանելու քաղաքակրթությունների միջեւ երկխոսությունը, Ադրբեջանի եւ միջազգային հանրության միջեւ խորանում է քաղաքակրթական անդունդը։ Ադրբեջանի բարձրագույն պաշտոնյաները քարոզում են անհանդուրժողականություն, ատելություն, քարոզում են պատերազմ, հերոսացնում են ռասիստ  մարդասպաններին: Իսկ խաղաղության, համերաշխության կողմնակիցներին, ինչպես դա պատահեց ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի պարագայում, սպառնում են ականջ կտրել»,-ընդգծել է նախարարը: