Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում, այսօր` փետրվարի 27-ին, տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ՊՆ կադրային քաղաքականությունը եւ բարելավման ուղիները, ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի դրույթների իրականացման ընթացքը: Նիստը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ելույթներով հանդես են եկել ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ռազմակրթական ոլորտի ներկայացուցիչներ, բանակային կորպուսի հրամանատարներ:

Ամփոփման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է կադրային բարեփոխումների գործընթացը, ինչպես նաեւ ռազմակրթական ոլորտում իրականացված ծրագրերը: Սեյրան Օհանյանը ուղենշել է հետագա ծրագրերը եւ մի շարք հանձնարարականներ տվել ոլորտի պատասխանատուներին: