Դիտորդները միակարծիք էին, որ ընտրությունները կարեւոր քայլ առաջ էին։ Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, «Ավստրիական լրատվական գործակալությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները:

Դիտարկմանը, թե թեեւ ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ ընտրություններն անցել են, հիմնականում, ազատ եւ արդար, սակայն դիտորդները որոշ թերություններ են մատնանշել, մասնավորապես պետական հաստատությունների եւ իշխող կուսակցության տարանջատման խնդիրը, Նալբանդյանն արձագանքել է. «Դուք իրավացի եք, դիտորդները դրական գնահատական են տվել ընտրություններին»:

«Արվել են նաեւ առաջարկներ ընտրական գործընթացը կատարելագործելու ուղղությամբ։ Մենք ուշադրությամբ կուսումնասիրենք արված առաջարկները, կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը համապատասխան բարեփոխումներ իրականացնելու, մեր ընտրական համակարգն էլ ավելի բարելավելու ուղղությամբ։  

Վերջին տարիներին կարեւոր բարեփոխումներ են իրականացվել Հայաստանում, որոնց արդյունքում տարածաշրջանի երկրների համեմատությամբ, մեր երկիրը առաջատար դիրքերում է որոշ միջազգային վարկանիշային աղյուսակներում եւ ցուցիչներում՝ մամուլի ազատության, գործարար միջավայրի եւ այլ բնագավառներում: Եվ մենք վճռական ենք շարունակելու բարեփոխումների ընթացքը»,-իր խոսքում ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը: