Այսօր` փետրվարի 27-ին, Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին եւ պատվիրակության անդամներին:
Ողջունելով հյուրերին՝Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն էհայտնել սերտ համագործակցության կապակցությամբ: Ոստիկանության պետը նշել է, որ նկատի ունենալով Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերած փորձը՝ ոստիկանությունն արել եւ անում է առավելագույնը թափանցիկ ու արդյունավետ աշխատելու թե՛ դիտորդական առաքելությունների, թե՛ կուսակցությունների, կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների հետ: Մասնավորապես, անդրադարձ է արվում բոլոր ահազանգերին, ըստ պահանջի տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, ընտրախախտումների քննության վերաբերյալ հասարակությունը պարբերաբար եւ ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է ոստիկանական հեռուսատահաղորդումների միջոցով, իսկ կայքով ներկայացվում են նաեւ նյութերի անգլերեն եւ ռուսերեն տարբերակները:
Հայդի Թալիավինին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հավելել, որ դիտորդներին հետաքրքրում է նաեւ ոստիկանության արձագանքը հետընտրական զարգացումներին:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հետընտրական շրջանում էլ ոստիկանությունը պատշաճ իրականացնում է իր գործառույթները հասարակական կարգի պահպանման եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Ոստիկանության պետն ընդգծել է, որ հանրահավաքների ընթացքում ոստիկանության խնդիրը անցանկալի միջադեպերի բացառումն է՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, որն ընդգրկում է նաեւ հանրահավաքների տեսագրումը՝ նպատակ ունենալով կանխել սադրանքներն ու իրավախախտումները, ինչպես եւ վերահսկել ոստիկանների կողմից ծառայության պատշաճ կատարումը:
Ի պատասխան Հայդի Թալիավինիի՝ Արտաշատի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այդ դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն է նշանակվել, եւ օրենքը հատկապես խիստ է իր պարտականություններում թերացած ոստիկանի հանդեպ, քանի որ օրենքը չկատարող ոստիկանը չի կարող օրինահարգություն պահանջել քաղաքացուց:




























