Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 27-ին, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին խորհրդի անդամներից բացի, մասնակցել են ՀՀ կառավարության անդամները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը, ՀՀ օրենքով ստեղծված անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Վերահսկիչ պալատի եւ Վճռաբեկ դատարանի նախագահները, ՀՀ  մարզպետները:

Նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի սկզբում Հանրապետության նախագահը ընտրական մեխանիզմների հետագա կատարելագործման աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարևորել է 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններում արձանագրված երկու ձեռքբերում. առաջինը` միջազգային հանրության գերազանցապես դրական արձագանքը և երկրորդը՝ ընտրությունների անցկացումը առանց ատելության մթնոլորտի:Ընտրությունների ավարտով ընտրական մեխանիզմի կատարելագործումը չի ավարտվում, ընդհակառակը՝ մենք  հիմա պարտավոր ենք ամփոփել միջազգային դիտորդների կողմից արված առաջարկները, դիտողությունները, պարտավոր ենք  հատիկ առ հատիկ ուսումնասիրել մամուլում եւ սոցիալական ցանցերում եղած նյութերը եւ, բնական է, որ այստեղ աշխատանք ունեն կատարելու ոչ միայն օրենսդիր, գործադիր իշխանությունները, այլ նաեւ իրավապահները»,-ընդգծել է ՀՀ նախագահը:

Նիստի օրակարգի շրջանակում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը զեկուցել է 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների եւ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների մասին: Զեկույցներ են ներկայացվել նաեւ 2013թ. Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից ստացված հաղորդումների (դիմումների) եւ դրանց ուսումնասիրության ընթացիկ արդյունքների մասին:

Նիստի արդյունքում ՀՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, հանձնարարվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վ.Սարգսյանին` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցի հրապարակումից հետո վերսկսել Ընտրական օրենսդրության եւ ընթացակարգերի բարեփոխման աշխատանքային խմբի գործունեությունը` ըստ անհրաժեշտության աշխատանքային խմբի կազմում ապահովելով քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը եւ ՀՀ դատախազությանը հանձնարարվել է` շարունակել պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումների քննարկումը: