Ռուսաստանի Վորոնեժի մարզի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Օլշանսկին հայտարարել է իր հրաժարականի մասին` տարիքի հետ կապված:
«Տարիքս ու առողջությունս զգացնել են տալիս: Ես արդեն որոշ ժամանակ գտնվում եմ հիվանդանոցներում»,-ասել է սենատորը, հավելելով, որ իր այս որոշումը կապ չունի Պետական դումայի կողմից օրերս ընդունված օրենքի հետ, որով արգելվում է պաշտոնյաներին հաշիվներ եւ ունեցվածք ունենալ արտերկրում: Օլշանսկին վստահեցրել է, որ ազնվորեն հայտարարագրում է իր ունեցվածքն ու եկամուտները, հաղորդում է «ԱԻՖ»-ը:
Նախօրեին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա մատվիենկոն ակնարկել է, որ նոր օրենքի հետ կապված որոշ խորհրդարանականներ կարող են զրկվել իրենց պաշտոններից:
Ընդ որում, վերլուծաբանները «զանգվածային հրաժարականների» չեն սպասում, թեեւ արդեն հրաժարականներ են տվել Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Պեխտինը, Անատոլի Լոմակինը եւ Վասիլի Տոլստոպյատովը:
Օլշանսկին իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ազդեցիկ անդամներից մեկն է, իսկ նրա կարողությունը նրան թույլ է տալիս հայտնվել Forbes-ի ցուցակում:



























