Եթե հնարավորություն լինի, Ադրբեջանը կկրկնի սումգայիթյան իրադարձությունները: Այս մասին, այսօր` փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքների փորձագետ, Ադրբեջանի հարցերով մասնագետ Սարգիս Ասատրյանը:
Նրա խոսքով` դժվար է կանխատեսել, թե ինչի կհանգեցնի երկու ժողովուրդների միջեւ դարավոր հակամարտությունն, այդ թվում եւ միջազգային ասպարեզում, եթե ադրբեջանցիների ողջամիտ խումբը դեմ է ռազմական գործողությունների վերսկսմանն, իսկ արմատական ուժերն ու իշխանական կառույցները մշտապես սպառնում են պատերազմով եւ արյունահեղությամբ:
«Ադրբեջանի ազգային քաղաքականությունը հիմնված է հակահայկական պսիխոզի վրա»,- ասել է փորձագետը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ադրբեջանական պետական քարոզարշավները հսկայական միջոցներ են վատնում 1988 – 1992 թվականների ողբերգական իրադարձությունների, այդ թվում եւ այսպես կոչված «Խոջալուի իրադարձությունների» իրական հանգամանքներն աղավաղելու համար:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդ է իրականացվել:



























