Հայաստանի տերը նրա ժողովուրդն է: Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում իր կողմնակիցների հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:  Հանդիպման սկզբում Րաֆֆի Հովհաննիսյանը ծաղիկներ է դրել գրող Խաչատուր Աբովյանի հուշարձանին:

«Հարցն այն չէ, թե ով պիտի պիտի շամպայն խմի եւ ում շնորհավորի: Այլ նրանում, որ ողջ Հայաստանոց ժողովուրդը ոտքի կանգնեց եւ ասաց` ոչ: Մենք այլեւս վախի մեջ չենք ապրի: Ապրելու ենք հարգանքով, ժպիտով, ուրախությամբ, բայց առանց վախի: Հայաստանում այլեւս թագավորներ եւ թագավորիկներ չեն լինելու: Եւ թե ինձ, թե որեւէ մեկին թող չասեն. «Դու մեր թագավորն ես»: Մեր թագավորը մեր ժողովուրդն է, մեր երեխաները, մեր ապագան»,- ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, ոչ մի օտարերկրյա ուժ չպետք է աչք փակի հայ ժողովրդի շահերի վրա: «Ես հանդիպել եմ տարբեր երկրների դեսպանների հետ: Մենք շատ հարգում ենք մեր դաշնակիցներին: Իմ թիկունքում հայ-ռուսական բարեկամության հուշարձանն է: Այո, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Բայց նա պետք է հարգի մեր ժողովրդի շահերը, մեր ընտրությունը: Եւ այնժամ ամենայն հարգանքի արժանի կլինի: Ինչպես եւ Վաշինգթոնը, Բրյուսելը եւ Պեկինը»,- ընդգծել է Հովհաննիսյանը: