Ադրբեջանական հասարակության մեծ մասը չի ցանկանում պատերազմել: Այդ մասին փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Սարգիս Ասատրյանը:

«Դրա վրա ազդում են մի քանի գործոններ, այդ թվում` Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը»,- մանրամասնել փորձագետը` միաժամանակ հավելելով, որ չպետք է մոռանալ հասարակության այն շերտերի մասին, որոնք, կոպիտ ասած, զոմբիացվել են հակահայկական փսիխոզով եւ նրանց հեշտ է կառավարել:

«Կրկին պատերազմել չցանկանալու հրաշալի օրինակ է Ադրբեջանի ժողովրդական գրող Աքրամ Այլիսլիի սկանդալային եւ հերետիկոսական (առնվազն զոմբիացված հասարակության համար) «Քարե երազներ» գիրքը: Դա 80-ականների արյունալի իրադարձությունների յուրօրինակ հոգեբանական անալիզ է, որի շուրջ գրողի բազմաթիվ կողմնակիցներ են հավաքվել` չնայած հետապնդումներին: Դա նշանակում է, որ կա մի շերտ, որը իսկապես դեմ է ռազմական գործողությունների վերսկսմանը»,- ասել է Սարգիս Ասատրյանը: