Մարտի 1-ին ժամը 12:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Մարիամ Գեւորգյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանն այս անգամ վճռել է դատական նիստն անցկացնել դռնբաց կարգով, ուստի գործով հետաքրքրված անձինք, լրագրողները կարող են մասնակցել դատական նիստին:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գեւորգյանին: Մ.Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3 տարվա ազատազրկման: Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ: Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) եւ 119 (խոշտանգում) հոդվածներով: Հայկանուշ Միքայելյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում` դատապարտվելով 4 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը միաժամանակ որոշեց կիրառել համաներում եւ նշանակված պատժի չափը 1/3 –ով կրճատել, իսկ այնուհետեւ հանեց ամբաստանյալի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը: Տուժող Մարիամ Գեւորգյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցն ամբողջությամբ դատարանը թողեց առանց քննության եւ չբավարարեց:




























