Ադրբեջանական մամուլը պետական հակահայկական քարոզչության հիմնական ռեսուրսներից է: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-իօ մամուլի ասուլիսում հայտարարել է միջազգային իրավունքի փորձագետ, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
«Լրատվամիջոցները միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթի, Բաքվի եւ Խոջալուի դեպքերի իրական խնդիրներից շեղող ազդեցիկ միջոց են», - ասել է փորձագետը: Ընդ որում` նա ընդգծել է, որ ադրբեջանական մամուլը, ռադիոն եւ հեռուստատեսությունն ամբողջությամբ կենտրոնացած են պետության ձեռքում եւ ղեկավարվում են ավտորիտար վարչակարգի հրահանգներով:
«Ադրբեջանականի համեմատ մեր մամուլն ավելի ազատ է, սակայն զիջում է նրան, համենայն դեպս Բաքվի քարոզչամեքենայի դեմ պայքարում: Մեր լրագրողներն ավելի բարեկիրթ են նրանց համեմատ», - նկատեց Ասատրյանը: Բացատրելով, որ ինքը դեմ է պետության ձեռքում կենտրոնացած եւ ոչ ազատ լրատվամիջոցներին, մասնագետը միաժամանակ հավելել է, որ ավելի թույլ վերահսկողությունը հայկական կողմն ավելի խոցելի է դարձնում ադրբեջանական քարոզչության դեմ պայքարում: «Այնուամենայնիվ, այդ հարցում դրական առաջընթաց նկատվում է», - նշել է Ասատրյանը:




























